Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ակնկալիքներ սահմանից այս կողմ

Ակնկալիքներ սահմանից այս կողմ
21.11.2008 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ
Շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին, և, անկախ որևէ հանգամանքից, ժամանակի հրամայականն է՝ հարևանների հետ ունենալ նորմալ հարաբերություններ ու բաց սահմաններ: Միաժամանակ կարևոր է պարզել, թե ինչ կարող է տալ երկու երկրների միջև կապերի սերտացումը յուրաքանչյուր կողմին:
Նախ և առաջ, Հայաստանը կարող է ստանալ ոչ միայն Թուրքիայի, այլև այդ երկրի տարածքով նոր շուկաներ մուտք գործելու բացառիկ հնարավորություն: Հայաստանի ապաշրջափակումն արևմուտքից որոշակի իմաստով կհանգեցնի նաև տնտեսական մեկուսացման վերացման և դրականորեն կարող է ազդել կլանների ու մենաշնորհների ապամոնտաժման գործընթացի վրա: Վերջինս իր հերթին կարող է պարտադրել հայրենական ապրանքների և ծառայությունների մրցունակության հարկադրված բարձրացում, այլապես դրանք դուրս կմղվեն անգամ տեղական շուկայից: Երկու երկրների միջև սահմանների վերաբացումը չի կարող չփոխել Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում և ինքնաբերաբար ապահովել նրա մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերին: Ավելին, այն կարող է էականորեն փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում և տանել դեպի իրավիճակի աստիճանական կայունացում։ Այս ամենը տնտեսական համագործակցության վստահելի հիմնաքար կարող է լինել: Այս իմաստով կարևոր է գիտակցել, որ հաճախակի շրջանառվող «գլոբալացման» կամ «գլոբալիզացիայի» գործընթացն ունի իր հակակշիռը` «տարածաշրջանայնացումը» կամ «ռեգիոնալիզացիան», որի լավագույն օրինակներն են ոչ միայն ԵՄ-ը, այլև Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունը` ASEAN-ը, Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտին` NAFTA-ն և այլ տարածաշրջանային կառույցներ: Բացի այդ, կարևոր է հիշել, որ աշխարհում ոչ մի երկիր չի կարող հավակնել իր կայուն դիրքերն ապահովելուն համաշխարհային շուկայում, եթե որպես նախապայման չի կարողացել արդյունավետորեն համագործակցել իր հարևանների հետ և ըստ արժանվույն ինտեգրացվել տվյալ տարածաշրջանին: Հետաքրքրական է այս իմաստով տեղեկանալ, որ ԵՄ-ի անդամ երկրների զբոսաշրջության ոլորտում հոսքերի ընդհանուր քանակի ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկնում հենց ԵՄ-ի անդամ երկրների զբոսաշրջիկներին և միայն 30 տոկոսը` աշխարհի մնացած երկրներին: Կարելի է ենթադրել, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ու կապերի բարելավումը կարող են հնարավորություն ընձեռել տարածաշրջանի երկրներին՝ ի մի բերել վերջին տարիներին կորցրած հնարավորությունները և օգտագործել համագործակցության առավելություններն ի շահ սեփական ժողովուրդների կենսամակարդակի բարձրացման: ՈՒսանելի է, բնականաբար, ԵՄ-ի պատմությունը. նախկինում միմյանց նկատմամբ ցեղասպանություն իրագործած երկրներն այսօր մի կողմ են դրել դարավոր թշնամանքը և առաջնահերթությունը տվել են ընդհանուր մտահոգությունների հանգուցալուծմանն ու մարդկային, ֆինանսական, արտադրական, հանքահումքային և այլ ռեսուրսների համատեղ ու արդյունավետ օգտագործմանը: Կովկասյան տարածաշրջանում նպատակահարմար է դառնում «3 + 3» ձևաչափը, որը կներառի մի կողմից` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մյուս կողմից` Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը` ապահովելու ոչ միայն հնարավոր շահերը, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունների հանգույցներն ու առավելագույնս օգտվելու տարածաշրջանայնացման ընձեռած հնարավորություններից:
Ի վերջո, ի՞նչ կարելի է անել վերը նշված արդյունքներին հասնելու համար:
Առաջին քայլը, ինչպես հայտնի է, արդեն կատարված է: Կարևոր է, որ Հայաստանի նախագահի քայլն ունենա արժանի շարունակություն, և տարբեր հարթություններում: Պետությունն իր արդյունավետ տնտեսական քաղաքականությամբ պետք է աջակցի հայրենական արտադրության ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացմանը և դրանով իսկ հնարավորինս նվազեցնի այն վնասները, որ կարող է կրել տնտեսությունը` սահմանի վերաբացման արդյունքում: Միաժամանակ, պետական կառավարման տարբեր ոլորտների ղեկավարներ պետք է ուղղակի կապի մեջ մտնեն իրենց հարևան երկրի գործընկերների հետ` իրազեկելու և իրազեկվելու, ինչպես նաև անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարաբերությունների աստիճանական զարգացման համար: Հայաստանի քաղաքական կուսակցությունները կարող են կապեր հաստատել Թուրքիայում առաջադեմ մտածողություն ունեցող և հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը սատարող կուսակցությունների հետ՝ քննարկելու այդ հարաբերությունների առավել մտահոգիչ կողմերն ու գտնելու փոխըմբռնելի և ընդունելի հանգուցալուծումներ: Վերջապես, կարևորվում են ոչ պետական, ոչ կուսակցական, այլ քաղաքացիական անկախ հասարակությունների փոխադարձ շփումները, առանց որոնց անհնար է պատկերացնել իրական մերձեցումը և հարաբերությունների նորմալացումը: Ենթադրվում է, բնականաբար, որ հիշյալ և նման այլ քայլերի ձեռնարկումը չի լինի ի հաշիվ անցյալի հիշողության, առավել ևս` չի լինի ի հաշիվ ցեղասպանության ճանաչման պահանջի, որը տվյալ դեպքում նույնքան կարևոր է Թուրքիայի համար՝ ներկայանալու համաշխարհային հանրությանը որակապես նոր նկարագրով և խաղաղ գոյակցության երաշխիքներով: Այս ամենում դժվար է գերագնահատել միջազգային այն կառույցների դերը, որոնք ոչ թե հռչակում են մի նպատակ և կիրառում երկակի ստանդարտներ, այլ գործում են իրենց տրված մանդատի շրջանակներում և լրջորեն մտահոգված են տարածաշրջանում կայունության հաստատման հարցով: Մյուս կողմից, հաշվի առնելով հարցի զգայուն կողմը, որն առնչվում է ոչ միայն Հայաստանին, այլև համայն հայությանը, կարևոր է հաշվի առնել ինչպես հայկական սփյուռքի մոտեցումներն այս հարցի առնչությամբ, այնպես էլ, առանձին վերցրած, Թուրքիայի հայ համայնքի առավել հստակ շահերն ու մտահոգությունները: Սա, իր հերթին, պահանջում է հայ դիվանագետներից համակարգված և նպատակային աշխատանքներ ծավալել ինչպես երկկողմ հարաբերությունների կտրվածքով, այնպես էլ բազմակողմ մակարդակներում` տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ամեն դեպքում, իրավիճակը պահանջում է վարել ոչ թե իրադարձություններին արձագանքող արտաքին քաղաքականություն, այլ նախաձեռնողական, պրոակտիվ քայլերով առաջ մղել սկիզբ առած գործընթացը:
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր մերձեցումը և հայ-թուրքական սահմանի բացումը ենթադրում են ոչ միայն քաղաքական, տնտեսական, իրավական և այլ բնույթի գործընթաց, այլև հոգեբանական առումով ձերբազատվում որոշակի կարծրատիպերից: Ժամանակակից աշխարհը, ինչպես վկայում է ԵՄ փորձը, ընթանում է սահմանների վերացման ճանապարհով: Դրանք, ի վերջո, կրելու են խորհրդանշական բնույթ: Ավելի կարևոր է պարզել, թե որքանով է ամեն ժողովուրդ ի վիճակի դիմագրավելու ժամանակի մարտահրավերները` իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում գտնելու համար:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՊրոֆեսոր

Դիտվել է՝ 9371

Մեկնաբանություններ